ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 27.05.2020, 06:04                   Ողջույն Հյուր




«ԱՅԲ» ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ | «ԱՅԲ» ԴՊՐՈՑ
20.04.2020

«ԱՅԲ» ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

«ԱՅԲ» ԴՊՐՈՑ

ք. Երևան | Հայաստան

Լրիվ դրույք

01.07.2020

 

Պաշտոնի ընդհանուր նկարագրություն

Գործադիր տնօրենը դպրոցի գործադիր և թիմային բարձրագույն առաջնորդն է, որն անմիջապես ենթակա է դպրոցի հոգաբարձուների խորհրդին (ՀԽ)։ Նա պետք է առաջ տանի դպրոցի ռազմավարական նպատակները՝ մշտապես գործելով ի շահ աշակերտների։

«Այբ» դպրոցի գործադիր տնօրենը պետք է ամբողջությամբ նվիրված լինի «Այբ»-ի առաքելության ու նպատակների իրագործմանը, ազգային ու միջազգային մակարդակներով ներկայացնի «Այբ» դպրոցն իբրև դրա գաղափարական առաջնորդ և մեծացնի հանրօգուտ ծառայությանը դպրոցի նպաստը։ Գործադիր տնօրենը պետք է մշտապես նպատակ դնի իրականացնելու դպրոցի կանոնադրությամբ սահմանված առաքելությունը։ Գործադիր տնօրենը ծառայում է որպես հասարակության ակտիվ անդամի, անընդհատ զարգացող ու սովորող անհատի օրինակ, հանդիսանում է ակադեմիական և մասնագիտական պարկեշտության ջատագով։ Նա պետք է ջանա ծառայել հայկական կրթական համակարգի զարգացման գործին, նպաստի աշակերտների հաջորդ սերնդի ձևավորմանն ու հաջողությանը, հզորացնի դպրոցի շուրջ ստեղծված համայնքը, ինչպես նաև հաստատի ու պահպանի արդյունավետ հաղորդակցություն «Այբ» համայնքի և ավելի լայն հասարակության միջև։

Գործադիր տնօրենի գործունեության ուղղություններն են՝

  • Ռազմավարական առաջնորդություն
  • Գաղափարական ու արժեքային առաջնորդություն
  • Համայնք
  • «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի հետ աշխատանք
  • Կազմակերպչական առաջնորդություն
  • Դասավանդում և ուսումնառություն
  • Առողջություն և անվտանգություն

Գործադիր տնօրենը նշված ուղղություններից բխող գործառույթներն իրականացնում է «Այբ» դպրոցի գործառնական, ակադեմիական, համայնքի գծով և հիմնական դպրոցի տնօրեններին գործառույթները պատվիրակելով։

Հիմնական գործառույթները

  • Լինել ոգեշնչող առաջնորդ;
  • Հետևողականորեն առաջ տանել դպրոցի զարգացման գործը համաձայն ռազմավարական նպատակների, պահպանել դպրոցի առաջնակարգ դերակատարությունը հայկական կրթական միջավայրում;
  • Մշտադիտարկել դպրոցի գործունեությունը և այն մշտապես ամբողջական ու անկողմնակալ ներկայացնել ՀԽ-ին, հետևել, որ պարբերաբար անցկացվեն ներքին և արտաքին գնահատումներ՝ առկա խնդիրների բացահայտման և լուծման, ներքին աշխատանքային միջավայրի շարունակական բարելավման, կրթության բովանդակության, գնահատման արդյունավետության անընդհատ զարգացման և գերազանցության պահպանման համար;
  • Ֆոնդահայթայթման աշխատանքներում կատարել առաջնորդի դեր՝ ֆոնդահայթայթման թիմի հետ համագործակցությամբ՝ դպրոցի ապագա զարգացման ու կրթաթոշակների ծրագրի հաջող իրականացման համար, առողջ հարաբերություններ պահպանել ներկա նվիրատուների կուռ խմբի հետ և նոր կապեր հաստատել՝ դպրոցի ֆոնդահայթայթման գործունեության հզորացման համար;
  • Հետևել, որ դպրոցում ընդունված որոշումները հիմնված լինեն մանկավարժության ու բարոյականության վրա, համապատասխանեն «Այբ» համայնքի արժեքներին և բխեն քրիստոնեական ու համաշխարհային արժեհամակարգից;
  • Տարածել մասնակցային առաջնորդության սկզբունքները դպրոցի բոլոր մակարդակներում;
  • Զարգացնել կամ թարմացնել դպրոցի ռազմավարությունը ՀԽ-ի նախանշած ուղղություններով և ներկայացնել հաստատման;
  • Կատարել դպրոցի ՀԽ-ի այլ որոշումներ:

 

  • Ամուր հարաբերություններ հաստատել ՀԽ-ի, աշխատակիցների, աշակերտների, ծնողների, շրջանավարտների և համայնքի մյուս անդամների հետ, ազգային մշակութային ու քրիստոնեական արժեքների հիմքի վրա դպրոցի շուրջ ստեղծել և պահպանել ջերմ ու առողջ մթնոլորտ՝ բազմակողմանի պատրաստված, ներդաշնակ ու արժեքահեն ազատ մտածող աշակերտ կրթելու համար;
  • Աշխատել «Այբ» հիմնադրամի և դրա աջակիցների լայն շրջանակի հետ՝ դպրոցի դերը հետևողականորեն բարձրացնելու համար՝ համաձայն «Այբ» համայնքի նախասահմանված նպատակների;
  • Արարատյան բակալավրիատի թեկնածու դպրոցների հետ հարաբերություններում պահպանել համակարգային առաջնորդի դերը:

 

  • Համոզվել, որ դպրոցում «Արարատյան բակալավրիատ» ծրագրով մատուցվող կրթությունը պահպանում է իր բարձր որակը, զարգանում են դպրոցին հատուկ կրթական մոտեցումները;
  • Ապահովել կրթական գերազանցություն և հարուստ կրթական միջավայր դպրոցի բոլոր աշակերտների համար, նպաստել և մասնակցել աշակերտների ակտիվ ներգրավվածությամբ հետաքրքիր, ոգեշնչող հանդիպումների, միջոցառումների, հավելյալ դասերի, հանրօգուտ նախագծերի կազմակերպմանը;
  • Համոզվել, որ դպրոցի միջավայրն ուսուցիչներին քաջալերում է նվիրվելու կրթությանը և դասավանդումը մեծ արհեստավարժությամբ ու ջանասիրությամբ կատարելու, իսկ աշակերտներին՝ բացահայտելու իրենց ամբողջական ներուժն ու դրսևորելու «Այբ» դպրոցի աշակերտի առաքինություններին հարիր վարքագիծ;
  • Մշտապես տեղեկանալ և մաս կազմել աշխարհում տեղի ունեցող կրթական գործընթացներին, կիսել սեփական փորձն ու գիտելիքը և՛ «Այբ» համայնքի ներսում, և՛ ավելի լայն շրջանակների հետ, ուսումնասիրել մանկավարժական տարբեր հետազոտությունների արդյունքները և առաջատար այլ դպրոցներում կիրառվող մոտեցումները, միատեղել դրանք դպրոցի ռազմավարական նպատակների հետ;
  • Առաջնորդել դպրոցում հետազոտական ու նորարարական աշխատանքների մշտական զարգացումը, քաջալերել աշխատակիցների հետազոտական գործունեությունը և համոզվել, որ դրանց լավագույն արդյունքները կիրառվում են ամբողջ դպրոցում;
  • Գտնել ու կիրառել մոտեցումներ՝ աշակերտների վարքագծի բարելավման, նրանց պատասխանատու վարքագծի կերտման, ներքին շահադրդման և ինքնակրթման գիտակցության և ցանկության ավելացման համար՝ առանց աշակերտների ազատության խիստ սահմանափակումների;
  • Ապահովել սովորելու անխտրական միջավայր, որն արժևորում է ձեռքբերումների բոլոր ձևերը, ստեղծում հավասար հնարավորություններ և աջակցում յուրաքանչյուր աշակերտի անհատական ուսումնառությանը, ինքնազարգացմանն ու անձնական առաջադիմությանը:

 

  • Ֆինանսական թիմի օգնությամբ ապահովել դպրոցի ֆինանսական կայունությունը և ծախսերի արդյունավետ կառավարումը՝ հիմնվելով դպրոցի ռազմավարական նպատակների վրա;
  • Հետևել, որ դպրոցի գործունեությունը համապատասխանի նրա ղեկավարող փաստաթղթերին, գործող ստանդարտներին և նորմատիվ պահանջներին, դպրոցի աշխատանքային մշակույթը համապատասխանի «Այբ»-ի որդեգրած սկզբունքներին, ստանդարտներին և մշակված կանոններին;
  • Ապահովել անձնակազմի արդյունավետ կառավարման համակարգի կիրառությունն ու մշտական բարելավումը, անձնակազմի մասնագիտական և անձնային զարգացումը՝ խմբային և անհատական ծրագրեր իրականացնելու միջոցով;
  • Ապահովել դպրոցի բնականոն աշխատանքի համար համապատասխան կառուցակարգերի, կարգերի, կանոնակարգերի մշակումը, կիրառումը և անընդհատ թարմացումը, ապահովել շահերի բախման հնարավոր ռիսկերի գնահատումը, կանխարգելումը և դրանց առաջացման դեպքում գնահատել իրավիճակը և որոշումներ կայացնել;
  • Ապահովել դպրոցի տարածքում աշխատակիցների և աշակերտների առողջության և անվտանգության պայմանները, իրականացնել պարբերական ուսումնամարզական վարժանքներ՝ արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու համար;
  • Ապահովել դպրոցի գույքի պահպանման բոլոր անհրաժեշտ միջոցառումները

Մասնագիտական և անձնային պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան (նախընտրելի է մանկավարժության կամ կրթական ուղղվածության ոլորտում)
  • Մանկավարժական ոլորտի գիտական աստիճան (թեկնածու, դոկտոր) (ցանկալի է)
  • Կառավարման կամ ադմինիստրատիվ ոլորտի կրթություն կամ որակավորում
  • (ցանկալի է)
  • Կրթական հաստատության կառավարման ոլորտի վերաբերյալ հետհամալսարանական կրթություն կամ որակավորում (ցանկալի է)

 

  • Ղեկավարի փորձառություն միջին կամ մեծ կրթական հաստատությունում
  • Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունում ղեկավարի փորձառություն (ցանկալի է)
  • Ավագ ղեկավարների թիմ առաջնորդելու փորձ (ցանկալի է)
  • Կառավարման մարմինների (օր.՝ հոգաբարձուների խորհրդի) հետ արդյունավետ աշխատանքի փորձ (ցանկալի է)
  • Դասավանդման փորձառությունը ցանկալի է, փորձի բացակայություն դեպքում՝ դասավանդելու պատրաստակամությունը՝ պարտադիր
  • Հայերենի և անգլերենի իմացություն
  • Ռուսերեն հաղորդակցվելու կարողություն (ցանկալի է)
  • Ժամանակակից կրթական միտումներին և զարգացումներին տեղեկացվածություն
  • Հայաստանյան արդի կրթական իրողություններին և զարգացումներին տեղեկացվածություն (ցանկալի է)
  • արդյունավետ դասավանդման և ձևավորող գնահատման սկզբունքների վերաբերյալ գիտելիք
  • Ուսումնական ծրագրի ներքին կառուցվածքի, դպրոցական հիմնական առարկաների ծրագրերի բովանդակության իմացություն (ցանկալի է)
  • Ռազմավարություն մշակելու և ռազմավարական կառավարման հմտություններ
  • Կազմակերպական կառուցվածք մշակելու, պարտականություններ և գործառույթներ բաշխելու ունակություն, մեծ ծավալի աշխատանք պատվիրակելու, աշխատանքը վերահսկելու և թիմի կատարողականը բարելավելու հմտություններ
  • Ֆինանսների հիմունքների իմացություն՝ բյուջեն կարդալու և վերանայելու համար
  • Փաստական տվյալներն ուսումնասիրելու և դրանց հիման վրա եզրակացություններ անելու կարողություն

 

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ կիրառական գիտելիքներ, տեղեկացվածություն, թե ինչպես կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ

 

  • Արժեքահեն, գաղափարական, ռազմավարական կառավարման և առաջնորդելու գերազանց հմտություններ
  • Նախաձեռնողականություն, մարդկանց ոգևորելու, շահադրդելու և ներգրավելու կարողություն
  • Փոփոխություն իրականացնելու, ռիսկերը գնահատելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
  • Նոր հմտություններ ու գիտելիքներ արագ ձեռք բերելու և մասնագիտական համատեքստում դրանք արդյունավետ կիրառելու կարողություններ
  • Հավակնոտ նպատակներ սահմանելու և դրանց հասնելու կարողություն ու ցանկություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Լայն հանրության առաջ ոգեշնչող և ազդեցիկ ելույթ ունենալու կարողություն
  • Ստեղծարար միտք
  • Հուզական ինտելեկտ
  • Արագ արձագանքելու կարողություն
  • Ինքնաճանաչողություն
  • Հաստատամտություն և անկողմնակալություն
  • Հարաբերություններ ստեղծելու և զարգացնելու կարողություն
  • Հումորի լավ զգացում

Դիմելու կարգը

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը principal_selection@aybschool.am հասցեին:

«Այբ» դպրոցի ՀԽ-ի հանձնարարականով գործադիր տնօրեն ընտրելու համար ձևավորված ընտրական հանձնաժողովի անդամների հետ հարցազրույցներին (հնարավոր են նաև առցանց) կհրավիրվեն կարճ ցուցակում ներառված թեկնածուները դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո։

Խնդրում ենք նշել, որ թափուր աշխատատեղի մասին իմացել եք www.youthcanal.am կայքից:

 


Տեգեր` ԱՅԲ ԴՊՐՈՑ, ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ | Դիտումներ` 412
ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ
Աշխատանք հայկական ընկերություններում
Աշխատանք պետական կառույցներում
Աշխատանք միջազգային կազմակերպություններում
Աշխատանք ՀՀ մարզերում և Արցախում
ՄՈՒՏՔ
ՈՐՈՆՈՒՄ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ